Ամեն ինչ նորմալ կլիներ, եթե վիրավորանքը քրեականացնող օրինագիծը չբերեր մի քաղաքական ուժ, որն իշխանության է եկել պսակներով, թաղումներ կազմակերպելով, ֆեյքային արշավներով. Հայկ Մամիջանյան (տեսանյութ)
TVԱմեն ինչ նորմալ կլիներ, եթե վիրավորանքը քրեականացնող օրինագիծը չբերեր մի քաղաքական ուժ, որն իշխանության է եկել քաղաքական գործիչների պատուհանների տակ թաղումներ կազմակերպելով, պսակներ բերելով, «լենտաներ» կապելով։ Այս մասին ԱԺ-ում ելույթի ժամանակ ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանը։
«Ըստ իմ տեղեկությունների դրա կազմակերպման ծանր բեռն իր վրա ստանձնած քաղաքական գործիչը մեր այս դահլիճում է նստած։ Ժամանակը գալու է, որ դա հանրայնցվելու է, բոլորս իմանալու ենք, թե ովքեր էին դրա կազմակերպիչները։ Ամեն ինչ նորմալ կլիներ այս օրինագծի հետ, եթե նոյեմբերի 9-ից հետո Հանրապետության հրապարակում տեղադրված էկրանից տեսանյութ չհեռարձակվեր, որտեղ մեր, իմ գլուխը առաջարկում էին ջարդել։ Դա չե՞ք հիշում, թե՞ տեղյակ չեք եղել հրապարկի էկրանին ինչ է գնում»,– ասաց նա։
«Նորմալ կլիներ, եթե այն քաղաքական ուժը, որ եկել է իշխանության, ֆեյքերով հայտնի չլիներ, որովհետև ես հրաժարվում եմ հավատալ, որ Նիկոլ Փաշինյանի մարմնի տարբեր մասեր ուտելու պատրաստակամություն հայտնող ֆեյքերն իրականում քաղաքացիներ են, մեր հասարակությունը այդպիսին չէ, դա ուղղորդված ֆեյքային արշավ է։ Ես նորմալ կվերաբերվեի այս օրինագծին, եթե դա բերելուց առաջ ձեր քաղաքական ուժը ներողամտություն խնդրեր այն բանի համար, ինչ կազմակերպել է ժամանակին ընդդիմադիրների և այլախոհների դեմ»,– հավելեց պատգամավորը։
Հայկ Մամիջանյանն ընդգծեց, որ պսակներով, անեծքներով և ֆեյքերով իշխանության եկածները, վաղ թե ուշ, այդպես էլ գնալու են։