Միջազգային գործընկերների անտարբերությունից հիասթափություններ եղել են ու կլինեն․ Արցախի ՄԻՊ
ՀասարակությունԱրցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Արցախի անկախության հանրաքվեն և սահամանադրության ընդունումն անմիջականորեն և ուղիղ կապված են մարդու իրավունքների պաշտպանության հետ։ Եթե առաջին դեպքում մենք իրացրել և փաստագրել ենք մեր ժողովրդի ինքնորոշման իրավունքը, ապա երկրորդ դեպքում հանձառություն և պատասխանատվություն ենք ստանձնել սահմանադրական մակարդակում ամրագրելու մարդու հիմնարար իրավունքների ու ազատությունների պաշտպանությունը։
2020 թվականի ագրեսիայից հետո ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորումը բացառապես իրավունքների պաշտպանության դաշտում է և առաջին հերթին՝ կյանքի իրավունքի երաշխավորման ու ապահովման։
Սա այն կարևորագույն ուղերձն է, որ բոլոր ջանքերի համադրմամբ պետք է հասցնենք տարբեր երկրների քաղաքական պատասխանատուներին, միջազգային կազմակերպություններին, իրավապաշտպան համայնքին։
Միջազգային գործընկերների անտարբերությունից հիասթափություններ եղել են ու կլինեն, բայց մենք իրավունք չունենք բաց թողնելու պայքարի այս ճակատը»։