Այս պահին հաշվարկներ ենք իրականացնում, թե որքան կկազմի կորոնավիրուսի բուժման արժեքը. նախարար
ՀասարակությունՀիմա հաշվարկներ ենք իրականացնում, թե կորոնավիրուսային վարակի բուժման արժեքը որքան պետք է կազմի։ Կառավարությունում լրագրողների հետ զրույցի ժամանակ ասաց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։
«Պետությունը բոլոր միջոցները ներդրել է, որ ապահովի բուժման հնարավորությունը մեր քաղաքացիների համար։ Բայց պետք է հասկանանք, որ այն քաղաքացիները, որոնք չեն ուզում օգտվել շատ արդյունավետ միջոցից ու պաշտպանել իրենց առողջությունը, մենք պետք է նրանց համար դիտարկենք բուժումը վճարովի դարձնելու հարցը»,-ասաց նախարարը։
Նրա խոսքով այս պահին հաշվարկներ են իրականացնում, թե քովիդի բուժման մեկ դեպքի արժեքն ինչքան կկազմի։
Դիտարկմանը, որ կորոնավիրուսով վարակված անձանցից հիմա էլ թանկարժեք դեղամիջոց են պահանջում, Անահիտ Ավանեսյանն ասաց, որ կորոնավիրուսի բուժման թե՛ դեղորայքը, թե՛ թթվածնային բուժման ծախսերը պետությունն իր վրա է վերցրել։
«Կա մի դեղամիջոց, որը փորձարարական շրջանում է գտնվում, այն բավականին թանկարժեք է և չենք կարող այն դեռ ներառել պետության փաթեթում։ Այս դեղամիջոցը փոքրաթիվ քաղաքացիների է ցուցված և չենք կարող դրա լայնամասշտաբ կիրառման մասին խոսել»,-ասաց նախարարը։