Հայ խաղաղապահները հասել են Ղազախստան
ՀասարակությունՌԴ ՊՆ ռազմատրանսպորտային ավիացիայի ինքնաթիռներն ավարտել են ՀԱՊԿ խաղաղապահ զորախմբի շրջանակներում հայ զինվորականների տեղափոխումը Ղազախստանի Հանրապետություն։ Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ-ն։
Նշվում է, որ զինծառայողները Հայաստանի Զվարթնոց օդանավակայանից ՌԴ օդատիեզերական ուժերի Իլ-76 ռազմատրանսպորտային ինքնաթիռով տեղափոխվել են Ղազախստանի Ալմ-Աթա օդանավակայան։
Հիշեցնենք, հունվարի երկուսից Ղազախստանում զանգվածային անկարգություններ են սկսվել՝ հանգեցնելով կառավարության հրաժարականի ։ Երկրում երկու շաբաթով արտակարգ դրություն է սահմանվել։ Ղազախստանի նախագահը հայտարարեց, որ ահաբեկչության վտանգը հաղթահարելու, երկրի ներսում իրավիճակը կայունացնելու հարցով դիմել է ՀԱՊԿ-ին։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որպես ՀԱՊԿ ԱԽ նախագահ Ղազախստանի դիմումով անմիջապես խորհրդակցություններ սկսեց ՀԱՊԿ երկրների ղեկավարների հետ և հայտարարեց, որ իրավիճակի կայունացման ու կարգավորման նպատակով ՀԱՊԿ-ը հավաքական խաղաղապահ ուժեր կուղարկի Ղազախստան:
Ավելի ուշ հայտնի դարձավ, որ Հայաստանը ՀԱՊԿ խաղաղապահ ուժերի կազմում զինվորականներ է ուղարկել Ղազախստան: Խոսքը շուրջ 100 զինծառայողի մասին է, որոնք պետք է զորախմբի կազմում ապահովեն ռազմավարական նշանակության օբյեկտների պահպանությունը: