Արտակարգ դեպք Երևանում․ լրագրող ներկայացած անձը ահազանգել է, թե ակումբում ռումբ է դրված
ՀասարակությունԱյսօր, հունվարի 9-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 04։10-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Տերյան փողոցում գտնվող «Պոլիգրաֆ» գիշերային ակումբում պայթուցիկ սարք է տեղադրված։ Ահազանգողը հայտնել է նաև, որ ինքն այդ տեղեկատվությունը ստացել է մոտ 30 րոպե առաջ։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են ԱԻՆ ՓԾ թիվ 8 հրշեջ-փրկարարական ջոկատի և ԱԻՆ ՔՊՎ ՔՊՈՒՀԿ հրշեջ-փրկարարական և ինժեներական ջոկատի ծառայողները։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ ոստիկանության Կենտրոնական բաժնի ծառայողները՝ բաժնի պետ Արման Պապյանի գլխավորությամբ, պարզել են կեղծ ահազանգի հեղինակին, ով ներկայացել է, որ ինքը լրագրող է և ցանկացել է մտնել գիշերային ակումբ, սակայն նրան թույլ չեն տվել, ինչից հետո «ծալապակասը» կեղծ ահազանգ է տվել։