Անհայտ որսորդն անզգուշաբար կրակել է իր տան բակում գտնվող 88-ամյա ռանչպարցի տատիկին
ՀասարակությունՀունվարի 9-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 18:40-ի սահմանում «Մասիս» ԲԿ-ից ոստիկանության Մասիսի բաժին ահազանգ է ստացվել, որ «աջ սրունքի հրազենային վիրավորում» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի, գրում է shamshyan.com-ը։
Ըստ աղբյուրի՝ ոստիկանները պարզել են, որ վիրավորը Ռանչպար գյուղի բնակիչ, 88-ամյա Անիչկա Մ.-ն է: Ոստիկանները պարզել են նաև, որ նույն օրը՝ ժամը 16:15-ի սահմանում, վիրավորը, գտնվելով իր տան բակում, կրակոցների ձայներ է լսել, որից հետո նկատել է, որ աջ սրունքի փափուկ հյուսվածքից արյուն է հոսում և հասկացել է, որ վնասվածքը ստացել է անհայտ որսորդի անզգույշ կրակոցից:
Արդեն ժամանելով դեպքի վայր, Մասիսի ոստիկանները՝ հետաքննական բաժանմունքի ավագ հետաքննիչ Հալաբյանի գլխավորությամբ, դեպքի վայրի զննությամբ հայտնաբերել են 1 հատ կապարե կոտորակ:
Մասիսի ոստիկանները ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ որս կատարած անձի ինքնությունը պարզելու, նրան հայտնաբերելու ուղղությամբ:
Դեպքի փաստով նյութեր են նախապատրաստվում: