Մինչև 1 մլն ապրանքի արտահանումը կազատվի մաքսատուրքից
ՏնտեսությունԿառավարության այսօրվա նիստում գործադիրը հավանություն տվեց «Պետական տուրքի» մասին օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագծին, որով նախատեսվում է մինչև 1 մլն դրամի ապրանքների արտահանումն ազատել մաքսատուրքից։
ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը նախագիծը ներկայացնելիս ասաց, որ վերջերս հանդիպում է ունեցել բիզնես ոլորտի որոշ ներկայացուցիչների հետ և մաքսատուրքի հետ կապված բողոքներ է լսել։
«Սա լուրջ խոչընդոտ է փոքր ու միջին ձեռնարկությունների համար արտահանում իրականացնելիս, հետևաբար առաջարկում ենք մինչև 1 մլն դրամի ապրանքների արտահանումն ազատել մաքսատուրքից։ Սա պետության վրա նստելու է տարեկան ընդամենը 100 մլն դրամ, բայց կարծում ենք, որ իր տնտեսական ազդեցությունը շատ մեծ է լինելու, ինչպես եղավ, երբ գինու արտահանման վճարը հանեցինք։ Այդ վճարը հանելուց հետո 2021թ.-ին մոտավորապես 50 տոկոսով աճեց գինու արտահանումը դեպի Եվրոպա։ Կարծում ենք՝ սա լուրջ խթան կհանդիսանա փոքր ու միջին ձեռնարկություններին, որ անկաշկանդ արտահանում անեն»,-նշեց նախարարը։