Ականատես ենք լինելու հեղուկ գազի նոր գնաճի. Թադևոս Ավետիսյան
Տնտեսություն«Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանն այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարեց, որ առաջիկայում ականատես ենք լինելու հեղուկ գազի թանկացմանը:
Ըստ պատգամավորի՝ սա պայմանավորված է հիմնականում երեք գործոնով. առաջին, որ Հայաստանը հեղուկ գազ չունի և այն ներկրում է ներքին սպառման համար, այդ շուկաներում կա որոշակի թանկացում.
«Այստեղ մենք ականատես ենք լինելու հեղուկ գազի նոր գնաճի»,-հայտարարեց Թադևոս Ավետիսյանը:
Ըստ նրա՝ երկրորդ գործոնն այն է, որ Հայաստանի շուկան օբյեկտիվորեն փոքր է, իսկ ներկրման բարձր մենաշնորհացման աստիճանը շարունակում է պահպանվել.
«Այն, որ ներկրող ընկերությունների անունները փոխվում են, դա դեռ չի նշանակում, որ մրցակցությունը դրանից ավտոմատ կերպով մեծանում է: Փոքր շուկան և բարձր մենաշնորհացման աստիճանը ևս ազդում է գնի վրա»,-ընդգծեց նա և հավելեց, որ երրորդ գործոնը բարձր մենաշնորհացման շուկաների նկատմամբ վերահսկողական մարմնի հսկողությունն է.
«Այս երեք հիմնական գործուններն այսօր էլ կան և սրանք բերելու են հեղուկ գազի թանկացմանը: Դրան էլ պետք է գումարել մի նոր բացասական երևույթ, որը շուտով վրա կհասնի՝ բնական գազի թանկացումն է»,-ասաց Թադևոս Ավետիսյանը: