Փորձագետ. հայ արտադրողները կարող են լրացուցիչ գործիքների կարիք ունենալ
ՏնտեսությունՀայաստանի կառավարությունը որոշել է չերկարաձգել թուրքական ապրանքների ներմուծման էմբարգոն՝ թեեւ դա զգալիորեն կակտիվացներ տեղական արտադրությունը։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր, «Այլընտրանք» հետազոտական կենտրոնի ղեկավար, Եվրասիական փորձագիտական ակումբի անդամ Թաթուլ Մանասերյանը՝ ներկայացնելով «Հայաստանի տնտեսությունը 2021 թ. ԵՏՄ-ին անդամակցության համատեքստում» զեկույցը։ Նրա խոսքով՝ վերջին մեկ տարվա ընթացքում Հայաստանի մի շարք տնտեսվարող սուբյեկտներ նախաձեռնել են թուրքականին փոխարինող ապրանքների արտադրություն։ Թուրքիայից ապրանքների ներմուծման արգելքի վերացման հետ մեկտեղ (փոխադարձության սկզբունքով) ակնկալվում է հայկական ապրանքների արտահանման համար առավել բարենպաստ պայմանների ստեղծում։
«Անհրաժեշտ է նաեւ հետեւողականություն ցուցաբերել՝ նոր պայմաններում նման ընկերությունների կենսունակությունն ու մրցունակությունն ապահովելու համար։ Անհրաժեշտության դեպքում չպետք է բացառել նաեւ լրացուցիչ գործիքների օգտագործումը, հատկապես, եթե դա նպաստում է նրանց տրամադրվող աջակցության մակարդակի բարձրացմանը»,- հավելեց Մանասերյանը։