Գեղամասարի մի քանի գյուղեր զրկվել են ջրից. Ջրի աղբյուրներն անցել են ադրբեջանցիների հսկողության տակ
ՀասարակությունԳեղարքունիքի մարզի Գեղամասար համայնքի մի քանի գյուղեր մայիսի 12-ից հետո՝ երբ ադրբեջանցիները առաջխաղացում ունեցան Սեւ լճի ուղղությամբ, զրկվել են ոռոգման եւ խմելու ջրից:
NEWS.am-ի հետ զրույցում Գեղամասար խոշորացված համայնքի ղեկավար Հակոբ Ավետյանը պատմեց, որ խնդիրն առկա է համայնքի 18 գյուղերից վեցում. Որոշ գյուղեր՝ մասնակի, որոշներն էլ ամբողջությամբ կորցրել են իրենց ջրի աղբյուրները:
«Կութ, Սոթք եւ Ազատ գյուղերի ջրաղբյուրները շատ մոտ են ադրբեջանական ուժերի տեղակայած դիրքերին: Ջաղացաձոր գյուղի ջրաղբյուրները, որոնք սկիզբ էին առնում Այրքից, մասամբ անցել են թշնամու տիրապետության տակ: Նորաբակի եւ Գեղամաբակի բոլոր ջրաղբյուրներն ամբողջությամբ են հայտնվել ադրբեջանցիների մոտ»,- ասաց Ավետյանը:
Համայնքապետը նշեց, որ ջրից զրկված գյուղերի բնակիչներն ամեն օր հարեւան գյուղերից են ջուր բերում. «Այն ջրի աղբյուրներից, որոնք մասնակի են անցել ադրբեջանցիների մոտ, օգտվել, բնականաբար, չենք կարող, որովեհտեւ կա վտանգ, որ իրենք կարող են թունավորել ջուրը: Մենք ստեղծված խնդրով բազմիցս դիմել ենք մարզպետարան ու Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարություն, սակայն այլընտրանք դեռեւս մշակված չէ»,- ընդգծեց Ավետյանը:
Հակոբ Ավետյանի խոսքով՝ մայիսի 12-ից հետո ջրի խնդիրը միակը չէ, որին բախվել են գյուղերի բնակիչները: Շատ գյուղացիներ կորցրել են իրենց արտոավայրերը, որոնցից շատերում ներդրումներ էին արված:
«Մեր ոչ բոլոր բնակիչներ են հարմարվում այս իրավիճակին: Գրեթե բոլոր գյուղերում կան ընտանիքներ, որոնք տեղափոխվել են Երեւան կամ արտագաղթել Ռուսաստան»,- հավելեց Ավետյանը: