«Վստա՞հ եք, որ Հայաստանի իշխանությունները տեղյակ էին Մոսկվայի մտադրությունից»․ Արթուր Վանեցյան
Հարցազրույց«Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանն այսօր ծավալուն հարցազրույց է տվել «Ժողովուրդ» օրաթերթին։ Հարցազրույցում պարոն Վանեցյանն անդրադարձել է օրհասական բազմաթիվ խնդիրների։
Հարցազրույցի ամբողջական տարբերակին կարող եք ծանոթանալ մեկնաբանություններում տրված հղմամբ։
Մեջբերում հարցազրույցից
«-2018-ի իշխանափոխությունից հետո մեր արտաքին քաղաքականությունը շատ է փոխվել: Փոխվել են նաև հարաբերությունները Ռուսաստանի Դաշնության հետ: Մենք հասել ենք մի իրավիճակի, երբ մեր ռազմավարական դաշնակցի հետ երկխոսության լուրջ խնդիրներ ունենք, և վերջերս ստորագրված ռուս-ադրբեջանական հռչակագիրն այդ խնդիրների հերթական արձանագրումն է: Շեշտեմ՝ հերթական, որովհետև նման «արձանագրումներ» մենք նախկինում էլ ենք տեսել, և, անշուշտ՝ կտեսնենք նաև ապագայում, եթե Հայաստանում շարունակեն իշխանության մնալ այս ուժերը: 2020-ի նոյեմբերի 9-ից հետո մենք շատ անգամ ենք հայտարարել, որ Փաշինյանն ու իր թիմը պիտի հեռանան, որ հաջորդ բանակցողի համար աշխատելու դաշտ ու հնարավորություններ մնան։ Այս մեկուկես տարվա ընթացքում մենք համոզվում ենք, որ օր օրի այդ հնարավորությունները նվազում են։ Ես Ձեզ հարց եմ տալիս՝ վստա՞հ եք, որ Հայաստանի իշխանությունները տեղյակ էին Մոսկվայի մտադրությունից՝ Ադրբեջանի հետ հռչակագիր ստորագրելու։ Անձամբ ես չունեմ վստահություն, որ Հայաստանին՝ որպես դաշնակից, տեղյակ են պահել, աշխատել, ներկայացրել իրավիճակը։ Ինչի՞ մասին է սա վկայում… Եվ ասեմ ավելին՝ այս հանգամանքը ես շատ ավելի մտահոգիչ ու լուրջ եմ գնահատում, քան այն ամենը, ինչի մասին այսօր խոսվում է մեդիա դաշտում։ Բայց միաժամանակ չմոռանանք նաև, որ նույն այդ հռչակագիրն ինչ-որ իմաստով նաև զսպաշապիկի դեր կարող է խաղալ Ադրբեջանի՝ դեպի Թուրքիա ավելի մեծ սերտաճումը կանխելու տեսանկյունից: Սա ևս կարևոր հանգամանք է:»