Ադրբեջանի ԶՈՒ-ն շարունակում է մնալ Փառուխ գյուղում և հարակից Քարագլուխ բարձունքի մի կողմում
ՀասարակությունԱրցախի Հանրապետության պետական նախարար Արտակ Բեգլարյանը հույս է հայտնում, որ ռուսական ջանքերով ադրբեջանական զորքերը հետ կքաշվեն ելման դիրքեր և այլևս խախտումներ չեն կատարի ընդդեմ Արցախի ժողովրդի անվտանգության և ՌԴ երաշխիքների: Այս մասին Բեգլարյանը գրառում է կատարել «Ֆեյսբուք»-ի իր էջում:
«Մարտի 25-ի կեսօրվանից մինչև 26-ի առավոտ Արցախի առաջնագծի երկայնքով իրավիճակի ու դիրքերի փոփոխություն տեղի չի ունեցել, և ադրբեջանական զինված ուժերը շարունակում են մնալ Փառուխ գյուղում ու հարակից Քարագլուխ բարձունքի մի կողմում, իսկ քիչ առաջ այդ հատվածում անհաջող հարձակման փորձ են կատարել մեր զինված ստորաբաժանման ուղղությամբ»,-նշել է Բեգլարյանը:
Պետական նախարարն ընդգծել է, որ Արցախի զինված ուժերը համապատասխան նախազգուշական ու զսպիչ միջոցներ են ձեռնարկում հնարավոր վտանգները չեզոքացնելու նպատակով՝ հիշեցնելով ադրբեջանական կողմից ԱԹՍ հարվածներից նախորդ օրը ունեցած 3 զոհի և 15 վիրավորի մասին , ադրբեջանական կողմը ևս ունեցել է զգալի կորուստներ:
«Երեկ այցելել եմ Խրամորթ գյուղ, այնտեղ իրավիճակը հարաբերականորեն հանգիստ էր, իսկ տրամադրությունը՝ պատշաճ: Ռուս խաղաղապահների հենակետերը շարունակում են գործել Փառուխում և Խրամորթում, և ռուսական կողմը զգալի ջանքեր է գործադրել իր պատասխանատվության տակ գտնվող տարածքում հրադադարի ռեժիմի ապահովման ուղղությամբ: Ակնկալում ենք, որ ռուսական ջանքերով ադրբեջանական զորքերը հետ կքաշվեն ելման դիրքեր և այլևս խախտումներ չեն կատարի ընդդեմ Արցախի ժողովրդի անվտանգության և ՌԴ երաշխիքների: Մենք ամուր ենք կանգնած մեր հայրենիքում և պատրաստ դիմակայելու զանազան մարտահրավերների»,-շեշտել է Բեգլարյանը: