Fitch-ը Ռուսաստանը հանել է վարկանիշների ցուցակից
ՏնտեսությունFitch միջազգային վարկանշային գործակալությունը Ռուսաստանի Դաշնությունը հանել է վարկանիշների ցուցակից, տեղեկացրել է «Ինտերֆաքս»-ը։
Fitch-ի այս գործողությունը պայմանավորված է Եվրամիության կողմից Ռուսաստանի դեմ մտցված պատժամիջոցներով, նշվել է գործակալության մամուլի հաղորդագրությունում։
Վարկանիշը հանելու պահին Ռուսաստանի՝ օտարերկրյա եւ ազգային արժույթով էմիտենտի դեֆոլտի երկարաժամկետ եւ կարճաժամկետ վարկանիշը (ԷԴՎ), ինչպես նաեւ գերակա չապահովված պարտքի վարկանիշը «C» մակարդակի էին, երկրի վարկանիշի վերին շեմը՝ «B»։
Ինչպես տեղեկացվել էր, պատժամիջոցների չորրորդ փաթեթի շրջանակում, որն ընդունվել է ԵՄ-ի կողմից 2022թ. մարտի 15-ին, եվրոպական գործակալություններին արգելվել է վարկանշավորել ՌԴ-ին եւ ռուսական ընկերություններին, ինչպես նաեւ վարկանիշավորել ռուսաստանցի հաճախորդներին։
Անցած շաբաթ Fitch-ը հայտարարել էր, որ չի սպասարկի ռուսաստանյան կազմակերպությունների եւ նրանց մասնաճյուղերի վարկանիշները մինչեւ ապրիլի 15-ը։ Դա ԵՄ-ի սահմանած վերջնաժամկետն է։