Հայաստանում էլեկտրաէներգիայի վաճառքի ոլորտում մրցակցային միջավայր է ստեղծվում. Գարեգին Բաղրամյան
Տնտեսություն«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության համար էլեկտրաէներգիայի շուկայի ազատականացման հետ կապված անհանգստության պատճառ չկա, քանի որ բաշխման գործառույթը նրանը կմնա, բայց իրացման ոլորտում (միջին եւ խոշոր սպառողների համար) մրցակցային միջավայր է ստեղծվում: Այս մասին ապրիլի 5-ին լրագրողների հետ զրույցում ասաց Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանը։
Նրա խոսքով՝ սկզբնական փուլում իրավիճակի ապակայունացումից խուսափելու համար էժան էլեկտրաէներգիա արտադրող կայանների՝ շուկա մուտք նախատեսված չէ։
Նա հայտնեց, որ էլեկտրաէներգիայի երկու սպառող արդեն դուրս են եկել «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության կանոնակարգի շրջանակներից։ «Մի սպառող մատակարար է ընտրել եւ նրանից էլեկտրաէներգիա է գնում չկարգավորվող գնով։ Մեկ այլ որակավորված սպառող (անկախ խաղացող մեծածախ շուկայում) ինքնուրույն է մասնակցում էլեկտրաէներգիայի գնմանը հատուկ ստեղծված էլեկտրոնային հարթակում»,- հավելեց Բաղրամյանը։