Զելենսկին հայտնել է պատերազմի մեկնարկից ի վեր զոհված ուկրաինացի զինծառայողների թիվը
ՄիջազգայինՈւկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Ռուսաստանի կողմից սկսված ռազմական գործողությունների ընթացքում, ուկրաինական կողմի հաշվարկով, մահացել է 2500-3000 ուկրաինացի զինծառայող: Այս մասին Վլադիմիր Զելենսկին հայտնել է ամերիկյան CNN-ին տված հարցազրույցում:
Նա ընդգծել է, որ վիրավորների թիվը մոտ 10 հազարն է, և «դժվար է ասել, թե նրանցից քանիսը կապրեն»:
Զելենսկին դժվարացել է ասել, թե քանի զոհ կա քաղաքացիական բնակչության շրջանում՝ նշելով. «Դժվար է խոսել քաղաքացիական զոհերի մասին, քանի որ մեր երկրի հարավում քաղաքներն ու գյուղերն արգելափակված են… Մենք չգիտենք, թե որքան մարդ է մահացել արգելափակված տարածքում»:
__________
Հիշեցնենք, որ փետրվարի 24-ին՝ վաղ առավոտյան, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ սկսում է հատուկ ռազմական գործողություն Ուկրաինայի տարածքում, որի խնդիրն է ապահովել Դոնեցկի և Լուգանսկի հանրապետությունների անվտանգությունը, ինչպես նաև հեռացնել Ուկրաինայի «նացիստական ռեժիմը»:
ԱՄՆ-ն ու ԵՄ-ն գնահատել են ՌԴ-ի այս քայլն իբրև Ռուսաստանի կողմից ուղղակի ագրեսիա ընդդեմ Ուկրաինայի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության։
Գերագույն Ռադան Ուկրաինայում ռազմական դրություն է մտցրել։