Արարատի մարզում Opel-ը տապալել է էլեկտրասյունը և կողաշրջվել, ամուսիններն ու 3 երեխաները տեղափոխվել են հիվանդանոց
ՀասարակությունԱյսօր՝ ապրիլի 30-ին, խոշոր ավտովթար-հրդեհ է տեղի ունեցել Արարատի մարզում։
shamshyan.com –ի հաղորդմամբ ժամը 07։00-ի սահմաններում Opel Zafira մակնիշի ավտոմեքենան Երևան-Երասխ ավտոճանապարհի 17 կմ հատվածում, դեպի Երևան ընթանալիս, Մարմարաշեն գյուղի վարչական տարածքում, դուրս է եկել երթևեկելի գոտուց, հայտնվել դաշտում, ապա առաջ ընթանալով՝ բախվել բետոնե էլեկտրասյանը։ Բախման հետևանքով ավտոմեքենան կողաշրջվել է, իսկ 5 հոգի, որից 3-ը երեխաներ են, քաղաքացիների օգնությամբ դուրս են բերվել ավտոմեքենայից, և օպերատիվորեն ժամանած Մասիսի հիվանդանոցի բժիշկների հերթապահ խումբը նախ տեղում առաջին բուժօգնությունն է ցուցաբերել վիրավորներին, ապա տեղափոխել Երևանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն, որտեղից 2 հոգու տեղափոխել են «Էրեբունի» բժշկական կենտրոն։
Բախման հետևանքով բետոնե էլեկտրասյունը տապալվել է, ավտոմեքենայում էլ հրդեհ է բռնկվել։
Էլեկտրասյան տապալման հետևանքով Մարմարաշեն գյուղի և մայրուղուն հարակից մեծ թվով գազալցակայաններ և սեփական տներ հոսանքազրկվել են։
Ոստիկանոթյունը պարզում է վարորդի և վիրավորների ինքնությունը։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ հիվանդանոց տեղափոխվածները ամուսիններ են և նրանց 3 երեխաները, ովքեր բնակվում են Արմավիրի մարզի Նալբանդյան գյուղում։ Ավտոմեքենան հետաքննիչի հանձնարարականով քաղաքացիների օգնությամբ մանիպուլյատորով դարձի բերվեց և քարշակով տեղափոխվեց ոստիկանության Մասիսի բաժնի պահպանվող հատուկ տարածք։