Ալիևը նոր մեղադրանքներ է հնչեցրել Հայաստանի հասցեին
ՄիջազգայինԱդրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, թե Հայաստանը երկու անգամ հրաժարվել է սահմանների սահմանազատման վերաբերյալ հանդիպումներից, հայտնում է «Ինտերֆաքս»-ը։
«Ադրբեջանը ժամանակին ստեղծեց աշխատանքային խումբ և պատրաստ էր պատվիրակություն ուղարկել։ Դա համաձայնեցվել է հայկական կողմի հետ։ Ի դեպ, Հայաստանի ԱԳՆ-ն է առաջարկել սահմանի հետ կապված առաջին հանդիպումն անցկացնել։ Ադրբեջանն ընդունեց այս առաջարկը, և մենք պատրաստ էինք պատվիրակություն ուղարկել։ Սակայն վերջին օրը՝ ապրիլի 29-ին, Հայաստանը չեղյալ հայտարարեց արդեն համաձայնեցված հանդիպումը։ Շատ հիասթափեցնող էր։ Էլ ավելի հիասթափեցնողը, դարձյալ Հայաստանի նախնական առաջարկի հիման վրա, Հայաստանի մերժումն էր մայիսի 7-11-ը հենց սահմանին նոր հանդիպում անցկացնելուց»,- Լիտվայի նախագահի հետ բանակցություններից հետո ասել է Ալիևը։
Նա նշել է, որ Բաքուն սպասում է Երևանից աշխատանքի մեկնարկի ցանկացած նոր ժամկետի, սակայն այս հարցում «պատասխանատու մոտեցման» հույս ունի։
«Մենք Հայաստանից սպասում ենք ցանկացած նոր ժամկետների, որպեսզի սկսենք աշխատանքը։ Որովհետեւ նման անպատասխանատու դիրքորոշումը, իհարկե, մտահոգություն է առաջացնում»,- ասել է Ալիեւը։