Սպիտակում Toyota Runner–ը հայտնվել է գետում, վարորդը տեղում մահացել է
ՀասարակությունԱյսօր ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 15:20-ի սահմաններում Լոռու մարզի բնակիչ, 40-ամյա Ռոստոմ Մագոյանը իր վարած Toyota Runner մակնիշի ավտոմեքենայով Վանաձոր-Սպիտակ ավտոճանապարհի 15-րդ կմ հատվածում դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել բետոնե արգելապատնեշներին, այնուհետև բախվել ծառին, առաջ ընթանալով բախվել շինության պատին և մոտ 2 մետր բարձրությունից ընկել և հայտնվել գետում, հայտնում է shamshyan.com-ը։
Վթարի հետևանքով Ռ. Մագոյանը տեղում մահացել է: Նրա դին ավտոմեքենայից դուրս հայտնաբերել են Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Սպիտակի թիվ 37 հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները:
Փաստի առթիվ քննիչ նյութեր են նախապատրաստվում: Նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական: Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան պարեկների, ոստիկանների և քաղաքացիների օգնությամբ վերամբարձ կռունկով դուրս բերվեց և ավտոքարշակի միջոցով տեղափոխվեց ոստիկանության Սպիտակի բաժնի պահպանվող հատուկ տարածք: