Եվրահանձնաժողովը խորհուրդ է տալիս Ուկրաինային ԵՄ թեկնածուի կարգավիճակ տալ
ՄիջազգայինՀունիսի 17-ին Եվրահանձնաժողովը խորհուրդ է տվել Ուկրաինային տրամադրել Եվրամիության անդամի թեկնածուի կարգավիճակ՝ «օրենքի գերակայության և կոռուպցիայի դեմ պայքարի հետ կապված պայմաններով»։ Այս մասին հայտնում է Bloomberg-ը՝ հղում անելով աղբյուրներին։
Նշվում է, որ թեկնածուի կարգավիճակ տալու որոշման համար կպահանջվի ԵՄ անդամ 27 երկրների միաձայն հավանությունը՝ նախքան Ուկրաինայի դիմումի քննարկումը։ Միությանը միանալու հետագա գործընթացը «կարող է տևել ավելի քան տասը տարի, որի ընթացքում երկիրը պետք է ընդունի Եվրամիության կանոններն ու չափանիշները»։
Եվրահանձնաժողովի (ԵՀ) ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենը Կիև կատարած այցի ժամանակ կոչ է արել երկրի իշխանություններին ավելի շատ ջանքեր գործադրել Եվրամիությանն անդամակցելու ճանապարհին երկիրը բարեփոխելու և արդիականացնելու համար։
Նրա խոսքով՝ երկրում ստեղծված իրավիճակը «հսկայական սթրես-թեստ» է։ Այս պահին երկիրն ակտիվացել է, և «նույն ոգին է անհրաժեշտ երկիրը բարեփոխելու և արդիականացնելու համար»։
Ուրսուլա ֆոն դեր Լեյենը նաև հայտնել է, որ Եվրահանձնաժողովը մինչև հաջորդ շաբաթվա վերջ կներկայացնի իր դիրքորոշումն այն մասին, թե արդյոք Ուկրաինան պետք է դառնա ԵՄ անդամակցության թեկնածու։