Պուտինը գնահատել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցներից Եվրոպայի կորուստները
ՄիջազգայինՌուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցներից եվրոպական տնտեսության վնասները կարող են գերազանցել 400 միլիարդ դոլարը, փոխանցում է «Ինտերֆաքսը»։
«Փորձագետների կարծիքով՝ գալիք տարվա համար պատժամիջոցների տենդից Եվրամիության միայն ուղղակի, հաշվելի կորուստները կարող են գերազանցել 400 միլիարդ դոլարը: Սա իրականությունից կտրված եւ ողջախոհությանը հակասող որոշումների գինն է»,- ուրբաթ օրը, ելույթ ունենալով Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական ֆորումի լիագումար նիստում, ասել է Պուտինը։
Բացի այդ, ՌԴ նախագահն առաջարկել է եւս մեկ անգամ նվազեցնել արտոնյալ հիփոթեքային ծրագրով դրույքաչափը՝ 9 տոկոսից հասցնելով 7 տոկոսի։ «Բայց կուզեի ուշադրությունը հրավիրել մի բանի վրա՝ ծրագրի գործողության ժամկետը նույնն է, մինչեւ ընթացիկ տարվա վերջը»,- ասել է ՌԴ նախագահը։
Մնացած պայմանները, ներառյալ վարկային սահմանաչափերը, մնում են նույնը։
Պուտինն ապրիլին առաջարկել էր հիփոթեքային վարկի տոկոսադրույքը 12 տոկոսից իջեցնել 9 տոկոսի։ Նոր պայմաններով արտոնյալ հիփոթեքի պետական ծրագիրը մեկնարկել է մայիսի 1-ից։
Արտոնյալ հիփոթեքային ծրագիրը գործում է 2019 թվականից։ Մոսկվայի եւ Մոսկվայի մարզի, Սանկտ Պետերբուրգի եւ Լենինգրադի մարզի համար վարկի առավելագույն գումարը կազմում է 12 միլիոն ռուբլի, այլ շրջանների համար՝ մինչեւ 6 միլիոն ռուբլի: