Տեղ գյուղի հովիվից ադրբեջանցիների առեւանգած 300 ոչխարը չի վերադարձվել. պետությունը կփոխհատուցի վնասի 70 տոկոսը
ՀասարակությունՏեղ գյուղի հովիվ Սուրիկ Մաթևոսյանի մոտ 300 ոչխարները, որոնք ադրբեջանցիները առևանգել էին 6 ամիս առաջ, մինչեւ այժմ չեն վերադարձրել, պետությունը կփոխհատուցի վնասի 70 տոկոսը: NEWS.am-ի հետ զրույցում ասաց Տեղ համայնքի ղեկավար Դավիթ Ղուլունցը։
«Վնասի 70 տոկոսը փոխհատուցում կտա, դա մոտավորապես կկազմի 10 մլն դրամ, այսինքն 280 գլուխ ոչխարի համար գումար կտան»,-ասաց նա:
Հովիվը այժմ շարունակում է զբաղվել անասնապահությամբ, գյուղապետի խոսքով, եթե փոխհատուցում լինի նորից կավելացնի մանր եղջերավորների գլխաքանակը:
Ղուլունցը նշեց, որ իրավիճակը հանգիստ է, գյուղացիները շարունակում են իրենց գյուղատնտեսական աշխատանքները կատարել, զբաղվել անասնապահությամբ, գյուղից արտագաղթ չկա այս պահին:
Հիշեցնենք, որ հունվարի 13-ին ադրբեջանցիները առևանգել էին Տեղ համայնքի 53-ամյա հովիվ Սուրիկ Մաթևոսյանին և նրա մոտ 300 ոչխարներին։ Մեկ օր անց բանակցությունների արդյունքում խաղաղապահներին են փոխանցել գերեվարված Սուրիկ Մաթևոսյանին, սակայն առևանգված ոչխարները մինչև այսօր շարունակում են մնալ ադրբեջանցիների մոտ։