Թափառող շները հիվանդանոցից գողացել են երեխային ու սպանել նրան
ՀասարակությունՀնդկաստանի Հարյանա նահանգի Պանիպատ քաղաքում թափառող շները հիվանդանոցից առևանգել են նորածին տղային և սպանել նրան։ Այս մասին հայտնում է Times Now News պորտալը։
Հունիսի 25-ին հիվանդանոց է բերվել հղի կինը՝ Շաբնամը։ Նույն օրը նա տղա է լույս աշխարհ բերել, մայրն ու երեխան տեղափոխվել են առաջին հարկի ընդհանուր բաժանմունք։ Կնոջ հետ միասին եղել են ամուսինը, սկեսուրը և մորաքույրը։ Ընտանիքի բոլոր անդամները, բացի երիտասարդ մորից, պառկել են հատակին քնելու։ Շաբնամի մորաքույրը կերակրել է երեխային և պառկեցրել իր կողքին։
Այդ գիշեր ժամը 2:15-ի սահմաններում ընտանիքի անդամներից մեկն արթնացել է և հայտնաբերել, որ երեխան կորել է։ Նա արթնացրել է մյուսներին, և սկսվել են տղայի որոնումները հիվանդանոցի ողջ տարածքում։ Արդյունքում ընտանիքը դուրս է վազել փողոց և տեսել երեխային` թափառող շներից մեկի բերանում։
Ընտանիքին հաջողվել է երեխային փրկել արյունարբու շան ծնոտներից և նրա մարմինը տեղափոխել հիվանդանոց։ Բժիշկներն արձանագրել են տղայի մահը։ Տուժած ընտանիքը իրավապահներին հայտնել է, որ հիվանդանոցն անվտանգ չէ։