Ռոնալդուի տրանսֆերը ներառված չէ թիմի ծրագրերում. «Բավարիա»
ՍպորտՄյունխենի «Բավարիայի» մարզական տնօրեն Հասան Սալիհամիջիչը խոսել է անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ» Կրիշտիանու Ռոնալդուի տրանսֆերի շուրջ տարածված լուրերի մասին, հայտնում է լրագրող Քերի Հոուն սոցիալական ցանցերում։
«Ես մեծ հարգանքով եմ վերաբերվում Կրիշտիանու Ռոնալդուին, նրա ձեռքբերումներին և կարիերային: Բայց նրա տրանսֆերը մեր ծրագրերի մեջ չի մտնում և պլանների մեջ չի եղել»,- ասել է Սալիհամիջիչը:
Անցած մրցաշրջանում «Մանչեսթեր Յունայթեդը» զբաղեցրել է 6-րդ տեղը Պրեմիեր լիգայում և չի կարողացել Չեմպիոնների լիգայի ուղեգիր նվաճել: Այս փաստն ազդում է պորտուգալացու՝ անգլիական թիմում մնալու ցանկության վրա։
Ռոնալդուն «Մանչեսթեր Յունայթեդ» վերադարձավ 2021 թվականի աշնան սկզբին։ Պորտուգալացին 2021/22 մրցաշրջանում «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում անցկացրել է 39 հանդիպում, դարձել 24 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։ 37-ամյա հարձակվողը բազմիցս հայտարարել է, որ տիտղոսներն իր համար առաջնահերթություն են, սակայն ստեղծված իրավիճակում նա կասկածներ ունի, որ ակումբը պատրաստ է դրանք նվաճել։
Ավելի վաղ Սաուդյան Արաբիայի «Ալ-Կավկաբ» ակումբը հերքել էր անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» խաղացողին տարեկան 125 միլիոն եվրո առաջարկելու մասին լուրերը։