21-ամյա վարորդը Mercedes-ով վրաերթի է ենթարկել 34-ամյա հետիոտնին, որը հիվանդանոցում մահացել է
ՀասարակությունԱյսօր մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 21:25-ի սահմաններում, Կոտայքի մարզի բնակիչ, 21-ամյա Լևոն Վարդանյանը՝ իր վարած Mercedes մակնիշի ավտոմեքենայով, Աբովյան քաղաքի Հատիսի փողոցում վրաերթի է ենթարկել հետիոտն, Կոտայքի մարզի բնակիչ, 34-ամյա Նիկոլայ Նաղդալյանին, տեղեկացնում է shamshyan.com-ը։
Վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է «Աբովյան» բժշկական կենտրոն, օգնել է վրաերթի ենթարկվածին օպերատիվորեն ժամանած Աբովյանի բժշկական կենտրոնի բժիշկների հետ տեղափոխել «Աբովյան» բժշկական կենտրոն:
Մինչ դեպքի վայրում քննիչը զննություն էր կատարում, հիվանդանոցից ոստիկանության Կոտայքի բաժին ահազանգ է ստացվել, որ վրաերթի ենթարկվածը, վերակենդանացման բաժանմունքում գիտակցության չգալով, մահացել է:
Վրաերթի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ: Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Կոտայքի բաժնի պահպանվող հատուկ տարածք: