Արարատի մարզում բախվել են Toyota Corolla-ն ու Opel-ը. կան վիրավորներ
ՀասարակությունԱյսօր՝ հուլիսի 31-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում:
Ժամը 15:30-ի սահմաններում, Երևան-Մեղրի ավտոճանապարհի 20 կմ հատվածում, Մխչյան գյուղի վարչական տարածքում բախվել են Հովհաննես Ղազարյանի վարած Opel մակնիշի և Գոռ Անտոնյանի վարած Toyota Corolla մակնիշի ավտոմեքենաները:
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արտաշատ» բժշկական կենտրոն:
Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիներն ու օպերատիվորեն ժամանած Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության թիվ 23 հրշեջ-փրկարարական ջոկատի հրշեջ-փրկարարները, ովքեր հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազաբալոնի փականները, իսկ Toyota-ի գազաբալոնից ուժեղ արտահոսք է տեղի ունեցել, ինչի համար էլ փրկարարները հերթապահել են՝ մինչև գազի բալոնի պարպվելը:
Օպերատիվորեն ժամանել են Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի ավագ տեսուչներ Արտյոմ Բեկլարյանն ու Հարություն Թորոսյանը:
Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Երվանդ Ալեքսանյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա հերթապահ քննիչի գլխավորությամբ, ում որոշմամբ նախաձեռնվել է վարույթ:
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների և վիրավորների ամբողջական տվյալները: