«Արարատ-Արմենիան» համաձայնել է հետաձգել «Փյունիկի» հետ հանդիպումը
ՍպորտՖուտբոլի Հայաստանի փոխչեմպիոն «Արարատ-Արմենիան» իր համաձայնությունն է տվել Հայաստանի առաջնության երկրորդ տուրի՝ «Փյունիկի» հետ հանդիպման հետաձգմանը։
«Հարգելի հետևորդներ, հաշվի առնելով «Փյունիկ» ֆուտբոլային ակումբի առաջխաղացումը եվրագավաթների ընթացիկ խաղարկությունում և որպես հետևանք` վերջինիս խնդրանքը` ս.թ. օգոստոսի 7-ին կայանալիք VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի 2րդ տուրի` «Արարատ - Արմենիա» ակումբի հետ կայանալիք հանդիպումը հետաձգելու վերաբերյալ, հայտնում ենք, որ «Արարատ-Արմենիան» տվել է իր համաձայնությունը` ընձեռելով հայկական ակումբին եվրագավաթային հանդիպմանը լավագույնս պատրաստվելու հնարավորություն»,- նշվում է «Արարատ-Արմենիայի» հայտարարությունում։
Հայաստանի չեմպիոն «Փյունիկը» օգոստոսի 1-ին մեկնել է Սերբիայի մայրաքաղաք Բելգրադ։ Չեմպիոնների լիգայի որակավորման երրորդ փուլի առաջին խաղում Եղիշե Մելիքյանի գլխավորած թիմը կհյուրընկալվի «Ցրվենա Զվեզդային»։
Առաջին հանդիպումը տեղի կունենա օգոստոսի 3-ին Բելգրադի «Ռայկո Միտիչ» ստադիոնում և կմեկնարկի Երևանի ժամանակով 22:45-ին։
Պատասխան խաղը տեղի կունենա օգոստոսի 9-ին Երեւանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում եւ կմեկնարկի 21:00-ին: