Երբ ստորադասում են ազգային-պետական շահը․ Արցախի պետնախարարը թիրախավորվում է գործ անելու համար
ՎերլուծականԱրցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանը կադրային լուրջ փոփոխություններ է նախաձեռնել Արցախում, այդ շրջանակներում առաջին հերթին հեռացնել նախարարների մեծ մասին։ Օրեր առաջ իրենց պաշտոնին հրաժեշտ տվեցին 11 նախարարներից 9-ը, ընդ որում, նրանցից հինգն անվերադարձ, մյուս չորսին առայժմ պաշտոնակատար են նշանակել, թեպետ չի բացառվում, որ այդ անձանց էլ զրկեն նախարարական լիազորություններից և արտոնություններից, ծառայողական մեքենայից։
«Ես Արցախում իրավիճակը գնահատել և գնահատում եմ որպես ծայրահեղ, ուստի այն միջոցները, որոնք ես մտադիր եմ առաջարկել ճգնաժամը հաղթահարելու համար, այնքան էլ դասական չեն։ Այսօր գործադիր իշխանության առաջ բոլորովին նոր տիպի խնդիրներ են դրված, և դրանց լուծման համար այլ մասնագետներ են պետք, որոնք այլ փորձ, հմտություններ և գիտելիքներ ունեն»,- իր որոշումը մեկնաբանել էր Արցախի պետնախարարը։ Թվում էր, հեռացված նախարարները դեռ պետք է գոհ ու շնորհակալ լինեն, որ իրենց անձեռնահասության համար ընդամենը հեռացրել են, սակայն․․․ այժմ էլ նոր խարդավանքներ են հյուսվում, իսկ Արցախի պետնախարարին մեղադրում են իբր պայմանավորվածություններ խախտելու մեջ, ստահոդ լուրեր են տարածում հայաստանյան մամուլով, իբր պայմանավորվածություն է եղել, որ Արցախի նախարարները մինչև հունվարի վերջ պետք է աշխատեն, որից հետո Վարդանյանը կձևավորի կաբինետը, բայց Վարդանյանն ավելի շուտ է տուն ճամփել այդ նախարարներին։
Վերջիններս սրտնեղել են, որ իրենց պատշաճ հարգանքով, դիֆերամբներով ու կենացներով չեն ճանապարհել, այլ պարզապես ցույց են տվել ելքը։ Տարօրինակ է, որ երբ մարդը փորձում է արդյունավետ կառավարում մտցնել Արցախում, ընդունակ և հմուտ կառավարիչներ բերել՝ իրավիճակը բեկելու, շտապ բարեփոխումներ իրականացնել՝ Արցախի տնտեսությունն ու մարտունակությունը բարձրացնելու համար, ամեն պատահական կերպար իր պարտքն է համարում թիրախավորել պետնախարարին, հարվածներ հասցնել, մեղադրել ինչ-ինչ անհեթեթ պայմանավորվածություններ խախտելու մեջ։
Այս ամենը վկայում է, որ թե՛ Արցախում, թե՛ Հայաստանում շատերը չեն գիտակցում ազգային-պետական շահը, ամեն ինչի նայում սեփական նեղ անձնական կամ կորպորատիվ շահերի պրիզմայով՝ միտումնավոր կամ անգիտակցաբար վնասելով Արցախին։
Թերևս, պետնախարարն ավելի կոշտ դիրքորոշում պետք է որդեգրի, նաև հանրության սեփականությունը դարձնի այդ հեռացվածների անփառունակ գործունեության բոլոր մանրամասները։
Արեն Ազարյան