Արցախում որոշումներ են կայացվել
ՔաղաքականՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Արցախի մեր աղբյուրներն ասում են, որ մի քանի օրվա բուռն քննարկումներից հետո Արցախում ներքաղաքական համաձայնության են եկել։ Այսօր արդեն մի քանի հրամանագրեր եղան Արցախի Անվտանգության ծառայության տնօրենի փոփոխության վերաբերյալ։
Ընդամենը օրեր առաջ՝ հունվարի 7-ին Վիտալի Բալասանյանի փոխարեն Արցախի Անվտանգության խորհրդի քարտուղար նշանակված Արարատ Մելքումյանն այսօր նշանակվել է Արցախի ԱԱԾ տնօրեն՝ փոխարինելով Աշոտ Հակոբջանյանին, ում ուղարկել են կենսաթոշակի։ Արցախի ԱԽ քարտուղար է նշանակվել Սամվել Շահրամանյանը՝ ազատվելով Անվտանգության խորհրդի քարտուղարի տեղակալի պաշտոնից։
Սակայն առայժմ փոփոխությունները սրանով կավարտվեն եւ ավելի խոշոր կադրային ու քաղաքական փոփոխությունների չեն գնա։ Արցախի նախագահն ու Պետնախարարը՝ քաղաքական ուժերի մասնակցությամբ, որոշել են առայժմ ձեռնպահ մնալ նոր խորհրդարանական ընտրություններից։ Ձեռնպահ մնալ նաեւ պետնախարարարի փոփոխությունից։ Արցախի նախագահն էլ է որոշել այս պահին հրաժարական չտալ եւ Ազգային ժողովը չցրել։
Թերեւս նման որոշումների պատճառն այն աղմուկն էր, որը բարձրացավ Ռուբեն Վարդանյանի հեռացման մասին լուրերը տարածվելուց հետո։ Եւ այդ փոփոխության նախաձեռնողները որոշեցին առայժմ հետ կանգնել նման քայլերից, որոնք կարող են ավելի սրել իրավիճակը եւ ցնցումներ առաջացնել առանց այն էլ ծանր վիճակում գտնվող Արցախում։ Արայիկ Հարությունյանն էլ որոշել է ժամանակ տալ Ռուբեն Վարդանյանին՝ մինչեւ հասկանան, թե ինչ զարգացումներ են սպասվում Արցախի ճանապարհի բացման, Հայաստանի հետ հարաբերությունների եւ ամենակարեւորը՝ ռուսների պահվածքի մասով։
Աղբյուրը՝ Hraparak.am-ի: