Տեսնելով առաջխաղացումն այս նոր դիրքերի վրա՝ ավելի լավ ենք իրավիճակը հասկանում. Ֆրանսիայի ԱԳ նախարար
Օրվա իրադարձություններ
Տարածաշրջանային իրավիճակի և Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների վերաբերյալ Ֆրանսիայի և Եվրոպական միության միակ նպատակը խաղաղության և վստահության մթնոլորտի վերականգնումն է: Այս մասին Ջերմուկում լրագրողների հետ զրույցում ասաց Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Կատրին Կոլոնան։
Նա նշեց, որ միայն խաղաղության համաձայնագիրը հնարավորություն կտա իսկապես լուծել մնացած բոլոր հարցերը, որոնք բխում են այս իրավիճակից։
Կատրին Կոլոնան նշեց, որ իր համար կարևոր էր Ջերմուկ այցելելը, որպեսզի մի կողմից աջակցություն հայտնի ԵՄ դիտորդական առաքելությանը, որը կարևոր աշխատանք է կատարում այստեղ, նաև տեղում սեփական աչքերով տեսնել իրավիճակը. «Մենք իրավիճակի մասին, բնականաբար, տեղեկանում ենք փաստաթղթերի հիման վրա, բայց տեղում սեփական աչքերով տեսնելն էլ շատ կարևոր է, և այս այցով ևս մեկ անգամ վերահաստատում ենք մեր աջակցությունն ու զորակցությունը բարեկամ հայ ժողովրդին։
Ամեն ինչ ավելի լավ ես հասկանում, երբ տեսնում ես քո աչքերով։ Տեսնելով առաջխաղացումն այս նոր դիրքերի վրա՝ ավելի լավ ենք իրավիճակը հասկանում և ևս մեկ անգամ կարևորում ենք այս առաքելությունը»։
Նա նշեց, որ Ֆրանսիան դատապարտում է միակողմանի բոլոր քայլերը, այնպես էլ Արդարադատության միջազգային դատարանի որոշման չկատարումը։ Ըստ նրա, դա է իրավական իրականությունը, նաև չկատարելը խաթարում է առանց այն էլ անվստահության առկա մթնոլորտը։