Վարչապետը կարող է սենսացիոն հայտարարությամբ հանդես գալ․ Ալեն Սիմոնյան
TVՀայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը երբեք որեւէ մեկի վրա մեղքը չի բարդել։ Այս մասին հունիսի 20-ին լրագրողների հետ զրույցում ասաց Հայաստանի խորհրդարանի նախագահ Ալեն Սիմոնյանը։
Նա բացատրեց, որ Փաշինյանը ամեն ինչ մանրամասն կներկայացնի։ Հայաստանի Ազգային ժողովի նախագահը ենթադրեց, որ վարչապետը կարող է սենսացիոն հայտարարություն անել։ Սիմոնյանը ուղիղ եթերի ապահովումը անվանեց հաշվետվողականության եւ թափանցիկության վառ օրինակ։
Սիմոնյանը նկատեց, որ ընդդիմությունը հնարավորություն ուներ ուղիղ եթերում հնչեցնելու բոլոր հարցերը այն հիմնական մեղադրանքների շուրջ, որոնք հնչեցրել է վերջին տարիներին, բայց նույնիսկ այդ հնարավորությունից նա չի օգտվում։ Նրա խոսքով, ընդդիմությունը կարող է գալ եւ խնդրել հանձնաժողովի նիստի փակ մաս անցկացնել։ «Ընդդիմությունը չեկավ, որովհետեւ ասելիք չունի։ Գա՞ն եւ ի՞նչ ասեն։ Ժողովուրդը, որպես դատավոր, այս հարցին իր պատասխանը տվել է 44-օրյա պատերազմին հաջորդած ընտրությունների արդյունքներով»,- ընդգծեց նա։
Նշենք, որ հունիսի 20-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ տեղի է ունենում Ազգային ժողովի 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննչական հանձնաժողովի նիստը։ Ընդդիմադիր «Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» խորհրդարանական խմբակցությունները հայտարարել են, որ չեն մասնակցելու նիստին։