Կանադայից երկու փորձագետ կմիանա Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությանը
ՄիջազգայինԿանադայից երկու քաղաքացիական փորձագետ կմիանա Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությանը։ Այդ մասին ՍիվիլՆեթի հարցմանն ի պատասխան՝ հայտնեցին Հայաստանում ԵՄ առաքելությունից։
«Հուլիսի 18-ին ԵՄ-ն ընդունեց Կանադայի պաշտոնական առաջարկը՝ աջակցելու Հայաստանում ԵՄ առաքելությանը (EUMA): Կանադայի նախնական ներդրումը բաղկացած կլինի մինչև երկու քաղաքացիական փորձագետներից, որոնք կտեղակայվեն մեկ տարի ժամկետով: Այդ փորձագետների տեղակայման ժամկետը դեռ հայտնի չէ, և նրանց ստույգ խնդիրները կորոշվեն ավելի ուշ»,- ասված է պատասխանում։
Հիշեցնենք՝ Եվրոպական խորհրդի Քաղաքական և անվտանգության հարցերի հանձնաժողովի հուլիսի 18-ի որոշման մեջ ասված էր, որ հավանություն է տրվել Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությանն աջակցելու Կանադայի առաջարկին․ «Կանադայի ներդրումը Հայաստանում Եվրոպական միության առաքելությանը ընդունված և նշանակալի է համարվում»,- նշված էր որոշման մեջ։
Հայաստանի արտաքին գործերի նախարարությունն էլ ողջունել է ՀՀ-ում Եվրոպական քաղաքացիական դիտորդական առաքելության մաս դառնալու Կանադայի նախաձեռնությունը։