Վայոց Ձորի Գնդեվանք համայնքում երեկ կայացավ «Ծիրան-ֆեսթը» փառատոնը․ տեսանյութ
TVՎայոց Ձորի Գնդեվանք համայնքում երեկ կայացավ «Ծիրան-ֆեսթը»՝ ծիրանի նվիրված փառատոնը։ Այն Վայոց Ձորում անցկացնելը խորհրդանշական իմաստ ուներ, քանզի ամենահայկական մրգի սեզոնը սկսվում է Արարատյան դաշտավայրում և ավարտվում Վայոց Ձորում։ Հենց Վայոց Ձորի ծիրանի վերջին պտուղներն ենք համտեսում մենք այսօր, արդեն իսկ սպասելով հաջորդ տարվա ծիրանի առատ բերքահավաքին։
«Ծիրան-Ֆեստի» շրջանակներում բացվեց ծիրանից պատրաստված համեղությունների, հայկական խոհանոցի ավանդական քաղցրավենիքների համտես-ցուցահանդես։ Ցուցահանդեսի շրջանակում ցուցադրված էին նաև մարզի նկարիչների, քանդակագործների աշխատանքներ, գորգագործության, ժանեկագործության նմուշներ։
Փառատոնը ուղեկցվում էր մարզային պարի խմբերի ելույթներով, լարախաղացի բեմականացումներով, ազգային խաղերի կազմակերպմամբ։ Փառատոնի հյուրերի համար նաև կազմակերպվեց արշավ դեպի Գնդեվանքի տեսարժան վայրեր։ Միջոցառումը ավարտվեց հանրահայտ «Նեմրա» խմբի, DJ Ահարի ելույթներով։ Իսկ վերջում երիտասարդների համար կազմակերպվեց կինոդիտում՝ խարույկի շուրջ։