Ի՞նչ են քննարկել Արցախի խորհրդարանում. Արայիկ Հարությունյանը մնացել է առանց հենարանի
ՀասարակությունԱրցախի Ազգային ժողովի գիշերային նիստից հետո Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի կողմից սնուցվող մամուլը շտապեց կեղծ տեղեկություններ տարածել, իբր հանդիպմանը, որին մասնակցել են քաղաքական ուժերը, նաև նախկին նախագահներ Բակո Սահակյանն ու Արկադի Ղուկասյանը, լայն կոնսոլիդացիա է ձևավորվել Արայիկ Հարությունյանի շուրջ։
Իրականում, մի քանի ժամ տևած նիստն անցել է չափազանց ծանր և սուր մթնոլորտում, Արայիկ Հարությունյանին առանց սեթևեթանքների և հստակ, մի քանի անգամ առաջարկել են հրաժարական տալ։ Այդ դեպքում կգան նոր դերակատարներ, որոնք պարտավորություններ չեն ունենա արտաքին խաղացողների առջև և կդիմանան, թե՛ Ադրբեջանի, թե՛ Հայաստանի ադրբեջանամետ վարչախմբի ճնշումներին։
Արցախի նախագահն իր սովորույթի համաձայն, փորձել է իրավիճակի հետագա զարգացման պատասխանատվությունը բարդել մյուս քաղաքական ուժերի և գործիչների վրա, սակայն նրան ասել են, որ ինքն է նախագահը և միայն իրենից է կախված, թե ինչ որոշում կընդունի։ Սուր ելույթներ են ունեցել նաև Արցախի նախկին նախագահները, ընդդիմության ներկայացուցիչները, նշել են, թե կախված Արայիկ Հարությունյանի որոշումից, կմտածեն աջակցել, քննադատել, թե հրապարակավ պահանջել նրա հրաժարականը։ Դա էր պատճառը, որ լուսադեմին դուրս գալով ԱԺ շենքից, Արայիկ Հարությունյանը բավական խեղճացած էր խոսում հանրության մոտ, մի քանի անգամ ներողություն խնդրում, նաև պատմում, թե մոտ ապագայում նեղ կազմով որոշելու են իր հրաժարականի հարցը։
Արամ Բարսեղյան