Շատ կասկածելի բացահայտում ԱԱԾ-ից
ՎերլուծականՕրերս Ազգային անվտանգության ծառայությունը հայտնել էր, թե Հայաստանում ահաբեկչության նախապատրաստման փորձ է կանխվել։ Մի քանի օր անցել է այդ դեպքից, սակայն մինչ օրս հայտնի չեն ո՛չ ձերբակալվածների ինքնությունը, ո՛չ էլ այն անձը, որի դեմ իբր փորձել են ահաբեկչություն կազմակերպել, ընդ որում գործող վարչախմբի ներկայացուցիչներն այս բացահայտումը համեմատում են հոկտեմբերի 27-ի հետ, որևէ մանրամասն այդպես էլ սակայն չեն հայտնում։
Ընդամենը, երեկ որպես վկա հարցաքննության են հրավիրել Ժիրայր Սեֆիլյանին։ Վերջինս էլ հայտնել է, թե ճանաչում է կալանավորվածներից երկուսին, բայց ԱԺԲ-ն դրա հետ կապ չունի։ Իհարկե, դեռևս այդ «բացահայտման» հաջորդ օրը նշեցինք, որ չափազանց շատ են հարցերը և այն ինչ իրականացվում է, իրականում շատ կասկածելի է։
Հայկական մամուլը սովորաբար շատ արագ իր աղբյուրներով կարողանում է պարզել ձերբակալվածների ինքնությունը և տեղեկացնել հանրությանը, այս պարագայում արդեն քանի օր որևէ անուն, որևէ մանրամասն հայտնի չէ, ընդամենը բավարարվում են պաշտոնական հաղորդագրությամբ, իսկ գործող վարչախմբի ներկայացուցիչներն էլ բազմանշանակ հայտարարություներ են անում, խորիմաստ խոսքեր հնչեցնում, դեպքը համեմատում հոկտեմբերի 27-ի ահաբեկչության հետ, բայց հրաժարվում որևէ մանրամասն հայտնելուց։
Ըստ ամենայնի, սրանք խորացնում են այն կասկածները, որ բացահայտումը բնավ էլ բացահայտում չէ, այլ ընդամենը վատ բեմադրված ներկայացում, որի միջոցով Փաշինյանը ցանկանում է Դամոկլյան հերթական սուրը կախել արցախցիների և Արցախից տեղահանվածների վրա, իզուր չէ, որ գաղտնալսման մեջ հատուկ կտրել և ներկայացրել էին Արցախի բարբառով կտորները։
Որքան ձգձգվում է «բացահայտման» մանրամասների հրապարակումը, այնքան այս կասկածները խորանում են։
Նաիրա Մելիքյան