Ալիևից վախեցած Փաշինյանը հոխորտում էր ընդդիմության հասցեին
ՎերլուծականԱզգային ժողովում երեկ Կառավարության հետ հարց ու պատասխանը կարելի է բնութագրել մեկ պարբերությամբ. «Ալիևից վախեցած Փաշինյանը հոխորտում էր ընդդիմության հասցեին»։ Մասնավորապես, հարց ու պատասխանի ամենաուշագրավ դրվագը վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանի և երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդու՝ Լևոն Քոչարյանի երկխոսությունն էր։ Քոչարյանը սուր ձևակերպումներով է հարց հնչեցրել Իլհամ Ալիևի հարցազրույցի և Փաշինյանի պատասխանի վերաբերյալ, ընդ որում Փաշինյանի պատասխանը որակելով որպես «խեղճ ու կրակ», իսկ Նիկոլ Փաշինյանին՝ վախեցած և ձախողված։
Մոտենալով ամբիոնին՝ Նիկոլ Փաշինյանը փորձել է հանդարտ տեսքով պատասխանել Լևոն Քոչարյանին՝ ակնարկելով, որ նա չպետք է մոռանա, թե որտեղ է գտնվում։ «Այլապես խոստանում եմ առիթ կունենաք հիշելու, թե որտեղ եք գտնվում, հուսով եմ դրա առիթները չեք տա»,- ասել է Փաշինյանը։
Լևոն Քոչարյանն Ազգային ժողովում հայտնվել էր անազատության վայրից, երբ մի քանի պատգամավորներ վայր էին դրել իրենց մանդատը և օրենքի ուժով Լևոն Քոչարյանը մանդատ էր ստացել։ Փաստացի, Նիկոլ Փաշինյանը պարզապես սպառնում էր Լևոն Քոչարյանին՝ կրկին նրան անազատության մեջ ուղարկելու ձևակերպումներով։
Գործող իշխանությունը, որ սիրում է հայտարարել օրենքի գերակայության և քաղաքակիրթ քաղաքական պայքարի մասին, չի կարողանում հանդուրժել որևէ ընդդիմադիր խոսք և, չկարողանալով գաղափարով և հոդաբաշխ պատասխաններով արձագանքել ընդդիմությանը, պարզապես անցնում է սպառնալիքների լեզվին։ Ահա այսպիսի բռնապետություն է կառուցում Նիկոլ Փաշինյանը։
Կարինե Մանուկյան