ՔՊ-ում խառն են. սահմանազատման հարցում միասնական դիրքորոշում չունեն
ՎերլուծականԱյսօր, խորհրդարանական ընդդիմության նախաձեռնությամբ, ԱԺ-ն հրատապ նիստ է գումարելու՝ «Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման և սահմանագծման հիմնախնդիրները» թեմայով։
«Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները քննարկմանը հրավիրել են փոխվարչապետ Մհեր Գրիգորյանին և արտգործնախարար Արարատ Միրզոյանին։
Երկուսն էլ մտադիր են ներկայանալ խորհրդարան, սակայն, ինչպես սովորաբար լինում է նման դեպքերում, իշխանությունը ցանկանում է ամեն գնով ձախողել ընդդիմության առաջարկած քննարկումը։
Ընդդիմադիրները մտադիր են նիստն անցկացնել բաց ռեժիմով, իսկ իշխանությունը ողջ կազմով քվեարկելու է հանդիպումը դռնփակ անցկացնելու համար։ ՔՊ մեր աղբյուրի փոխանցմամբ՝ արդեն իսկ համապատասխան հանձնարարություն է տրվել՝ ամեն գնով նիստը դռնփակ անցկացնելու, իսկ գործող իշխանությունը չի կարողանում հստակ բացատրել, թե ինչ է կատարվում Տավուշի մարզի 4 գյուղերի շուրջ։
Ընդամենը օրեր առաջ, փոխվարչապետի գրասենյակը հայտարարել էր, թե սահմանազատումը Տավուշից սկսելու վերաբերյալ որոշում դեռևս չկա։ Ապրիլի 3-ին, արդեն ՔՊ պատգամավոր, նախկին ոստիկան Արմեն Խաչատրյանը հայտարարում էր, թե Ադրբեջանն է առաջարկել սահմանազատումը սկսել Տավուշից, իսկ Խաչատրյանի հանձնաժողովի ղեկավարը՝ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Արդրանիկ Քոչարյանը, երեկ լրագրողների հետ զրույցում հայտարարել է, թե գլխավոր շտաբն է նպատակահարմար գտել սահմանազատումը սկսել Տավուշից։
Բոլոր այս հայտարարություններն իշխող` «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունից են, որտեղ չեն կարողանում կողմնորոշվել տարրական մեկ հարց հանրության հետ քննարկելու վերաբերյալ, էլ ուր մնաց, թե կարողանան ողջամիտ բացատրություններ տալ Տավուշում կամ այլ տարածքներում ստեղծված իրավիճակի վերաբերյալ։
Նանե Ավետիսյան