Տավուշում ստեղծված իրավիճակը Փաշինյանի կողմից դիվանագիտական դաշտում թույլ տված սխալների հետևանքն է. Արշակ Կարապետյան
ՔաղաքականՏավուշի ուղղությամբ զարգացումները շարունակում են թեժանալ։ Երեկ և այսօր գիշերը ցուցարարները մնացել են ճանապարհին, փակ պահել, հանրության մի մեծ զանգված այլևս սկսում է արթնանալ, շատերն էլ մեկնում են Տավուշի մարզ՝ հենց տեղում պայքարելու, որպեսզի գործող իշխանությունները չհամարձակվեն Ադրբեջանին հանձնել Տավուշի 4 գյուղերը։ Ընդ որում, պայքարն առաջնորդում են հայ առաքելական եկեղեցու սպասավորները, որոնք հանդարտեցնում են կրքերը և պայքարը տանում քաղաքակիրթ ուղղությամբ՝ թույլ չտալով, հատկապես իշխանության կողմից, տարբեր սադրանքներ, իսկ որ այդպիսի սադրանքներ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը նախապատրաստում է, որևէ մեկը կարծես կասկած չունի։ Հենց թեկուզ նախօրեին տեղի ունեցած միջադեպը վառ օրինակ է։
Երեկ նաև հայտնի է դարձել փաշինյանական իշխանության հերթական ստի մասին, երբ գյուղացիների թիկունքում ականազերծողներ են գնացել Ոսկեպարի եկեղեցու մոտ ու սկսել են ականազերծում իրականացնել։ Մինչ իշխանությունը հայտարարում է, որ ոչ մի միլիմետր հող չի փոխանցելու Ադրբեջանին, Ադրբեջանում այս օրերին իսկական տոն է, հրավառություն են անում, իսկ սոցիալական ցանցերում գովում են Նիկոլ Փաշինյանին՝ իրենց նոր հերթական զիջում անելու կապակցությամբ։
Բնավ զարմանալի չէ, որ գործող իշխանություններն Ադրբեջանին պատասխանելու փոխարեն զբաղված են հենց հայ առաքելական եկեղեցու դեմ ցեխարձակումներով. թիրախում Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանն է։
«Համահայկական ճակատ» շարժման առաջնորդ, Պաշտպանության նախկին նախարար գեներալ-մայոր Արշակ Կարապետյանը դեռ ավելի վաղ նշել էր, որ հայ առաքելական եկեղեցին է դառնալու գործող իշխանությունների թիրախ, ինչն այսօր տեսնում ենք հենց Տավուշի դեպքերում, իսկ Տավուշում ստեղծված իրավիճակը գեներալ-մայոր Կարապետյանի կարծիքով՝ Նիկոլ Փաշինյանի կողմից դիվանագիտական դաշտում թույլ տված սխալների հետևանքն է։
Արշակ Կարապետյանը նշում է, որ Փաշինյանը մեկը մյուսի հետևից դիվանագիտական խոշոր սխալներ է թույլ տալիս, հատկապես սահմանազատման շուրջ բանակցություներ է սկսում Տավուշից, այն դեպքում, երբ Սև լճի, Վարդենիսի, Ջերմուկի ուղղությամբ ադրբեջանցիները մտել են մեր տարածք։
«Համահայկական ճակատ» շարժման առաջնորդը նաև նշում է, որ Հայաստանի իշխանություններն այսպիսի վիճակում հայտնվել են, քանի որ իրենք են հենց նախաձեռնել գլխավոր միջնորդին՝ տարածաշրջանում շահագրգիռ Ռուսաստանին բանակցություններից հանելու քայլերը, և այդ կապակցությամբ լրջագույն խնդիրների առջև է կանգնել Հայաստանի Հանրապետությունը։