Հայ գեղեցկուհին, ով նաև ստեղծագործում է Lifestyle 9 Դեկտեմբեր, 2014 0:15 Կիսվել Վերջին շրջանում հայկական մի շարք լրատվական կայքերում հայտնվում են հոդվածներ, որոնք իրենցից ներկայացնում էին հայ գեղեցիկ աղջիկների նկարները հետևյալ վերնագրով՝ «Հայ գեղեցկուհին համացանցում» և այլն: Հոդվածիս հերոսուհին նույնպես գեղեցկուհիների դասին է պատկանում, սակայն առանձնանանում է նրանով, որ նաև ստեղծում է գեղեցիկ բանաստեղծություններ՝ բանաստեղծուհի է: Անունը՝ Մարինկա, ազգանունը Գալստյան: Մարինկան սովորել և սովորում է Երևանի Պետական Համալսարանում, չնայած որ մասնագիտությամբ ապագա միջազգայնագետ է, այնուամենայնիվ, համարում է, որ առանց ստեղծագործելու չի կարող ապրել, ոգեշնչվում է ամենինչից՝ գեղեցիկ եղանակից, սիրուց, կյանքից և այլն: Ճանաչենք այս գեղեցիկ աղջկան և ընթերցեք: Աղոթք Օգնի՛ր ինձ, Աստվա՛ծ, որ ներեմ մարդուն, Որ իմ նմանին սովորեմ ներել, Որ չբանտարկեմ իմ մեջ չներում, Օգնի՛ր սովորեմ ինձ հաղթահարել: Օգնի՛ր ինձ, Աստվա՛ծ, բաց թողնել անցյալն, Սովորել ապրել միայն ներկայում, Չդառնալ հուշի անհույս բանտարկյալ, Օգնի՛ր, որ հաղթեմ գալիք պայքարում: Օգնի՛ր ինձ, Աստվա՛ծ, չհուսահատվել Ու ետ չդառնալ իմ պատերազմից, Սովորեցրու՛ ինձ սարսափս ջարդել, Օգնի՛ր խուսափել հարձակումներից: Օգնի՛ր ինձ, Աստվա՛ծ քեզ չմոռանալ, Երբ ուրախությամբ պարուրվի հոգիս, Սովորեցրու՛ ինձ քեզ վերադառնալ, Օգնի՛ր չշեղվել ճանապարհներից: Օգնի՛ր ինձ, Աստվա՛ծ, որ ես էլ օգնեմ, Երբ մերձավորն իմ օգնություն հայցի, Որ ընկածներին իմ ձեռքը մեկնեմ, Որ մաքրեմ թացը մարդկային լացի: Օգնի՛ր ինձ, Աստվա՛ծ, օգնի՛ր, քանի կամ, Քանի հաճում ես ապրեմ այս կյանքում, Պարգևի՛ր ընկեր, սեր ու բարեկամ, Օգնի՛ր չմնամ մենակ աշխարհում: Օգնի՛ր ինձ, Աստվա՛ծ, որ էլ չհոգնեմ, Ու չվախենամ թռչող նետերից, Որ սրտիս ցավը ներել սովորեմ, Օգնի՛ր ինձ փրկվեմ ջրհեղեղներից: Օգնի՛ր ինձ, Աստվա՛ծ հավատալ նորից, Եթե ծնկներս կծալվեն հանկարծ, Սովորեցրու՛ ինձ չհաղթվել չարից Ու հավիտյանս, օգնի՛ր ինձ, Աստվա՛ծ: © Մարինկա Գալստյան Կիսվել