Մինսկը կշարունակի հանդես գալ Երևանի հետ փոխադարձ հարգանքի վրա հիմնված կառուցողական երկխոսության ընդլայնման օգտին․ Լուկաշենկո
ՔաղաքականԲելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ամբողջ բելառուս ժողովրդի և իր անունից շնորհավորել է Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանին և հայ ժողովրդին Անկախության օրվա առթիվ։ Այս մասին հայտնում է Sputnik գործակալության բելառուսական ծառայությունը։
«Բելառուսը և Հայաստանը կապված են բարեկամական ամուր կապերով, ընդհանուր պատմությամբ, ավանդական ընտանեկան և քրիստոնեական արժեքներով», - ասված է ուղերձում։
Լուկաշենկոն նաև նշել է, որ բելառուսին և հայ ժողովրդին միավորել է Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակը, Սպիտակի ավերիչ երկրաշարժի հետևանքների վերացումը, ինչպես նաև մասնակցությունը ինտեգրացիոն կառույցներին և սերտ գործընկերությունը։
Նա վստահություն է հայտնել, որ ներկա պայմաններում գոյատևելու և հաջողությամբ զարգանալու համար անհրաժեշտ է միավորում և համագործակցություն։
Ըստ Լուկաշենկոյի՝ Մինսկը կշարունակի հանդես գալ Երևանի հետ փոխադարձ հարգանքի վրա հիմնված կառուցողական երկխոսության ընդլայնման օգտին։
Բելառուսի ղեկավարը հայ գործընկերոջը մաղթել է քաջառողջություն և հաջող աշխատանք պետական պատասխանատու պաշտոնում, իսկ համայն հայությանը` խաղաղություն, բարօրություն և բարգավաճում: