Ի՞նչ են քննարկել ՔՊ-ում
ՎերլուծականՆիկոլ Փաշինյանը երեկ Ազգային ժողովում հանդիպել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության հետ: Հանդիպմանը ներկա են եղել նաև Կառավարության անդամներ և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամներ: Ըստ ՔՊ տարածած հաղորդագրության, քննարկվել են արտաքին քաղաքականությանը վերաբերող հարցեր: Մասնավորապես, Փաշինյանը չնչին մանրամասներ է հայտնել վերջին զարգացումների, ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովի ընթացքում ունեցած հանդիպումների, հայ-ադրբեջանական կարգավորման ներկա էտապի մասին։
Մեր աղբյուրների փոխանցմամբ, չեն շրջանցել նաև ներկուսակցական գզվռտոցների հարցը: Փաշինյանը կուսակիցներին զգուշացրել է, որ այսուհետ կուսակցության ներսում գզվռտոց տեսնելու դեպքում անցնելու է պատիժների կիրառմանը։ Նշել է, թե Անդրանիկ Քոչարյանի գլխավորած մի խումբ ՔՊ-ականների պատճառով կուսակցությունը խնդիրներ ունի արդարադատության նախարարի նշանակման հարցում։ Թեկնածություններ, բնականաբար, չեն քննարկել, դա վարչության իրավասությունն է։ Բայց պնդել է, թե այսուհետ իր հետ քննարկեն որևէ պաշտոնյայի դեմ արշավ սկսելու մտադրությունը։
Հավաքին անտրամադիր է եղել Հովիկ Աղազարյանը, որին թվացել է, թե ՔՊ-ն ողջ կազմով քննարկելու է իր վարքը Քննչական կոմիտեի ղեկավար Արգիշտի Քյարամյանի հետ լեզվակռվի ընթացքում։ Առավել ևս, որ Քյարամյանը Փաշինյանի հետ հանդիպմանն ապացուցել է՝ Աղազարյանի որդուն քրեական պատասխանատվության չենթարկելու համար իրեն դիմելու դեպքերը, ինչը համառորեն և ապարդյուն հերքում էր Աղազարյանը։ ՔՊ հավաքում ընդամենն ասել են, որ առաջիկայում միջադեպի հարցով որոշում են կայացնելու։ Չի բացառվում՝ Փաշինյանը Քյարամյանին թույլատրի քրեական վարույթ հարուցել Հովիկ Աղազարյանի ձախողակ գործարար որդու դեմ։
Ալլա Գասպարյան