Արդարության և հայրենասիրության ընկալումը պետք է սերմանել հենց դպրոցից․ Մհեր Ավետիսյան
ԲլոգՄհեր Ավետիսյանը դեռևս անցյալ տարի սեպտեմբերին ֆեյսբուքյան իր էջում գրել է․
Մանկա-պատանեկան տարիքի առանձնահատկությունը հաշվի առնելով, պետք է վերականգնվի 10-ամյա կրթական համակարգը։
Կարևոր է, որ այդ համակարգի պարտադիր մաս լինի դպրոցական համազգեստը, որը պարտավոր է տրամադրել պետությունը։ Այն ոչ միայն կարգապահական և գեղագիտական նշանակություն ունի, այլ նաև կոչված է ձևավորելու հավասար պայմաններ ինքնադրսևորման համար։
Ինչու՞ վաղ տարիքից անհավասարության ու շերտավորման զգացողություն մտցնել երեխաների մոտ։ Առանց դրա էլ այդ երևույթի հետ նրանք հետագայում բախվելու են հասուն տարիքում։
Կրթական գործընթացի որակի վրա կազդի նաև ուսուցիչների հավելյալ խրախուսումը։ Դրա տարբերակներից մեկը կարող է դառնալ գերազանցությամբ ավարտող աշակերտի, դասղեկի խրախուսման համակարգի ներդնումը։
Ուսման անընդհատության ապահովման համար բանակ պետք է զորակոչել բարձրագույն կրթություն ստանալուց հետո։ Չէ՞ որ կրթական բարձր ցենզով զինծառայողների առկայությունը կբարձրացնի նաև բանակի որակը։
Միաժամանակ, առանձին մասնագիտություններով պետական աշխատանքը պետք է հավասարեցնել զինվորական ծառայությանը և տրամադրել զին գրքույկ ։
Գիտելիք ավանդելու հետ մեկտեղ՝ հարկ է, որ դպրոցը պետական մտածողության դարբնոց լինի։ Հենց այստեղ պետք է Պետության և Հայրենիքի գաղափարի շուրջ ուսումնա-դաստիարակչական շղթա կազմվի։
Ավելի մանրամասն իմ մոտեցումները ինչպես այս, այնպես էլ այլ թեմաների շուրջ կներկայացնեմ նոր հարցազրույցում:
Մհեր Ավետիսյան