Ինչպես են փրկում Արագած լեռան մերձակայքում լանջից ընկած արշավախմբի անդամներին (տեսանյութ)
TVԱրագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն դեկտեմբերի 1-ին ահազանգ էր ստացվել, որ Արագած լեռան մերձակայքում՝ Գեղարոտ գետի ջրվեժի տարածքում, 3 հոգուց բաղկացած արշավախմբի անդամներից երկուսն ընկել են լանջից, ունեն տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Զանգահարողը արշավախմբի անդամ Լևոն Հարությունյանն էր։
Որոնողափրկարարական աշխատանքներին ներգրավվել են 20 հրշեջ-փրկարար, Ալպինիզմի և լեռնային տուրիզմի հայկական ֆեդերացիայի 5 լեռնագնաց և ՀԷԿ-ին պատկանող մեկ ձնագնաց: Խմբի անդամներին տեղափոխող ավտոմեքենաները, ձյան սաստիկ տեղումներով պայմանավորված՝ ճանապարհային անանցանելիության պատճառով, տեղակայվել են մոտակա ՀԷԿ-ի տարածքում։ Մնացած ճանապարհը հրշեջ-փրկարարներն ու մասնագիտացված լեռնագնացներն անցել են ոտքով…
Երեք անդամներից բաղկացած արշավախմբի աղջիկներից մեկը բժիշկների հսկողության տակ է։ Ունի կոտրվածքներ, ոտքերը ցրտահարվել են։ Քթի հատվածում կոտրվածքներ է ստացել Լևոնը. վիրահատական միջամտություն է իրականացվել, առողջական վիճակը գնահատվում է կայուն։