Բոլորը ստացել են 13-րդ աշխատավարձ, բացի ՊԵԿ աշխատակիցներից
ՀարցազրույցՊետեկամուտների կոմիտեի աշխատակիցները դժգոհ են՝ 13-րդ ամսվա աշխատավարձ չեն ստացել, ինչի համար տարակուսած են։
ՊԵԿ-ից ասացին՝ նախորդ տարի ևս չեն ստացել, և այս «ավանդույթը» ՊԵԿ նախկին նախագահ Ռուստամ Բադասյանից է եկել։
«Բադասյանը մեր փողերից 800 մլն դրամ տվեց՝ անիմաստ կամերաներ առավ, որ տեսուչները իբրև թե դրանով գաղտնի նկարեն իրենց հսկիչ-գնումները, բայց դրանք իրենց նպատակին չեն ծառայում, բայց այդ նույն տեսուչին, որը չնչին աշխատավարձ է ստանում, 13-րդ աշխատավարձ չեն տվել, չնայած նրան, որ բոլոր գերատեսչությունների աշխատակիցները ստացել են»,- MediaHub-ին ասացին ՊԵԿ աշխատակիցներից՝ նշելով, որ իրենք միայն իրենց ստանդարտ պարգևավճարն են ստացել, որն ամեն ամիս ստանում են աշխատավարձի հետ։
ՊԵԿ-ից պաշտոնապես ևս հաստատեցին, որ իրենց աշխատակիցներին անցյալ տարի այդ, այսպես կոչված, 13-րդ աշխատավարձը չեն տվել, բայց չասացին, թե ինչով է դա պայմանավորված, միայն նշեցին, որ անցյալ տարի էլ չեն ստացել։
MediaHub-ը հետաքրքրվեց, թե այլ գերատեսչություններում ստացե՞լ են, արդյոք, այդ 13-րդ աշխատավարձը, և մի շարք գերատեսչություններից՝ նախարարություններ, այլ կառույցներ, որոնց դիմել էինք, դրական պատասխան ստացանք, որ բոլորն էլ ստանում են ամեն տարի։ Փաստորեն, բոլորը ստացել են, բացի ՊԵԿ աշխատակիցներից։
Վահե Մակարյան