Հնդկաստանում աշխարհի ամենամեծ կրոնական հավաքի ժամանակ տասնյակ մարդիկ են զոհվել
Միջազգային
Չորեքշաբթի վաղ առավոտյան Հնդկաստանի Պրայագրաջ քաղաքում աշխարհի ամենամեծ կրոնական հավաքի՝ Կումբխա Մելայի ժամանակ տասնյակ մարդիկ են զոհվել հրմշտոցի հետևանքով, գրում է CNN-ը՝ մանրամասնելով, որ տասնյակ միլիոնավոր հնդիկ հավատացյալներ ամենասուրբ օրերից մեկի կապակցությամբ գնացել են լողալու գետում՝ սուրբ Գանգես, Յամունա և առասպելական Սարասվաթի գետերի միախառնման վայրում:
Գետի մոտ պատնեշը կոտրվել է, երբ մարդկանց բազմությունը քայլել է դեպի գետափ: Տեղի հիվանդանոցներից մեկի պաշտոնական աղբյուրը CNN-ին ասել է, որ կա 35 զոհ, և թիվը, ըստ ամենայնի կմեծանա:
Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին իր ուղերձում ասել Է, որ փառատոնի ժամանակ տեղի ունեցած ողբերգությունը «հանգեցրել է առաքինի հոգիների կորստին»:
Միջադեպը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ ակնկալվում էր, որ մոտ 100 միլիոն հինդու նվիրյալներ ամբողջ աշխարհից չորեքշաբթի օրը կայցելեն այդ վայր և կմտնեն սուրբ ջրերը՝ հոգեպես մաքրագործվելու համար:
Փառատոնը համարվում է աշխարհի ամենամեծ կրոնական հավաքը: Վեց շաբաթվա ընթացքում ակնկալվում է, որ 400 միլիոն մարդ կմասնակցի Պրայագրաջում տոնակատարություններին: