Գյումրին տրիգեր էր. Փաշինյանը կատաղած է թիմակիցների վրա
Վերլուծական
Գյումրիում և Փարաքարում տեղի ունեցած ընտրություններից հետո Հայաստանի գործող իշխանությունները չեն կարողանում հանգստանալ։ Հասկանալով, որ դա չափազանց լուրջ հետևանքներ է ունենալու իրենց համար՝ Նիկոլ Փաշինյանը հրահանգել է ՔՊ վարչությանը ցուցակ կազմել, թե ովքեր կարող են հեռացվել իրենց զբաղեցրած պաշտոններից։ Ընդ որում, Գյումրին և Փարաքարնն ընդամենը տրիգեր էին այս ամենի համար։
Վերջին շրջանում «Քաղպայմանագրում» արշալույսներն ամենևին էլ խաղաղ չեն։ Գործող իշխանությունը խնդիր ունի իր ենթականերին բռի մեջ պահելու համար։ Տարբեր քպականներ այլևս դուրս են գալիս հունից, անում են հայտարարություններ, որոնք Նիկոլ Փաշինյանի քիմքին չեն, և այժմ վերջինս նախ ՔՊ վարչության, ապա և տանը սեփական տիկնոջ հետ տարբեր ցուցակներ է կազմում, թե ում կարող են վստահել ընդհանրապես։
ՔՊ մեր աղբյուրների փոխանցմամբ, շատերը, որոնք հրաժեշտ են տալու իրենց պաշտոններին, անակնկալի են գալու։ Ըստ էության, Փաշինյանը որոշել է չխնայել նույնիսկ ամենայուրայիններին և վստահում է չափազանց փոքր թվով անձանց։
Անվստահելիների շարքում է հայտնվել անգամ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը, որին վերահսկելու համար Փաշինյանն իր յուրայիններից մի քանիսին փոխնախարարի պաշտոնների է նշանակել։ Երեկ էլ անակնկալ կերպով էկոնոմիկայի փոխնախարար է նշանակվել Անուշիկ Ավետյանը։ Վերջինս քպական նախկին պատգամավոր Արման Բոշյանի կինն է։ Բոշյանը, հիշեցնենք, ներկայումս Արտաքին հետախուզական ծառայության պետի տեղակալն է և փաստացի հենց ինքն է իրականացնում այդ ծառայության աշխատանքը, իսկ ծառայության պետ Քրիստինե Գրիգորյանն ընդամենը քողածածկույթ է Փաշինյանի իրական ցանկությունները թաքցնելու համար։
Մանե Մակարյան