Այսօր առավոտյան ժամը 7:30-8:30-ն ընկած ժամանակահատվածում, ադրբեջանցի դիպուկահարները կրակ են բացել Նոյեմբերյանի շրջանի սահմանամերձ Բերքաբեր գյուղի ուղղությամբ: Այս մասին Orer.am-ի հետ զրույցում ասաց Բերքաբերի գյուղապետ Արթուր Մադաթյանը: Վերջինս հայտնեց, որ հակառակորդի գնդակից գյուղի բնակիչ Աղասի Թամրազյանը վիրավորվել է:
«Ամեն օր էլ կրակում են: Դեպքը եղել է գյուղի ջրամբարի մոտ, որն ամենամոտն է ադրբեջանական դիրքերին: Երիտասարդ Աղասի Թամրազյանը ձուկ բռնելուց է եղել, ու կրակել են: Աղասու ոտքերին են դիպչել: Փառք Աստծո, կրակոցները չեն վնասել ոտքերի ոսկորները»,-ասաց Արթուր Մադաթյանը և հավելեց, որ երիտասարդն Իջևանի հիվանդանոցում է:
Արթուր Մադաթյանի խոսքով` հակառակորդը 10 անգամ կրակել է, անգամ այն ժամանակ, երբ գյուղացիները մոտեցել են երիտասարդին օգնելու:
«Բարեբախտաբար, Աղասու վիճակը կայուն է, իրեն լավ է զգում»,-հավելեց գյուղապետը: