Արամ Մանուկյանին ծեծելու կասկածանքով բերման ենթարկված 42-ամյա Արշակ Սվազյանը չի ձերբակալվել: Այս մասին Orer.am-ի հետ զրույցում ասացից ՀՀ քննչական կոմիտեի լրատվական ծառայությունից:
«Նա ներգրավվել է որպես կասկածյալ քրեական գործով և նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը»,-ասացին ՀՀ քննչական կոմիտեից:
Հիշեցնենք, որ ըստ լրատվամիջոցների՝ Սվազյանը ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Առաքել Մովսիսյանի (Շմայս) վարորդներից է եղել, վարել է ԱԺ պետհամարանիշներով մեքենա:
Նշենք, որ երեկ ՀՀ ոստիկանությունը հաղորդագրություն էր տարածել՝ տեղեկացնելով, որ ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Արաբկիրի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է կասկածյալի անձը` 1973 թ. ծնված Արշակ Սվազյան, ով դեկտեմբերի 14-ին, ժամը 7.30-ի սահմաններում, Երևանի Ծովակալ Իսակովի 30 հասցեի մոտից բերման է ենթարկվել ոստիկանություն: