«Ինտեր Մայամին» հաղթեց «Տորոնտոյին»․ Մեսսին դարձավ գոլի ու գոլային փոխանցումների հեղինակ
ՍպորտMLS-ի 2026 թվականի մրցաշրջանի հերթական խաղում Ֆլորիդան ներկայացնող «Ինտեր Մայամին» Տորոնտոյի «Բի-Էմ-Օ Ֆիլդ» մարզադաշտում 4-2 հաշվով առավելության հասավ կանադական համանուն թիմի նկատմամբ:
Հյուրերի կազմում հանդիպման հաշիվը 44-րդ րոպեին բացեց Ռոդրիգո Դե Պոլը: 56-րդ րոպեին Լիոնել Մեսսիի փոխանցումից հետո Լուիս Սուարեսը կրկնապատկեց իր թիմի առավելությունը: 73-րդ րոպեին Մեսսին ևս մեկ գոլային փոխանցում կատարեց, որն արդյունավետ եզրափակեց Սերխիո Ռեգիլոնը, իսկ երկու րոպե անց (75) հենց ինքը՝ արգենտինացի աստղը, դարձավ գոլի հեղինակ:
Խաղավերջում տանտերերի կազմում Էմիլիո Արիստիսաբալը դուբլ ձևակերպեց (82, 90)՝ կրճատելով հաշվի տարբերությունը, սակայն դա չփրկեց կանադական ակումբին պարտությունից: Այս հանդիպումից հետո «Ինտեր Մայամին» վաստակած 22 միավորով զբաղեցնում է Արևելյան կոնֆերենցիայի մրցաշարային աղյուսակի 4-րդ հորիզոնականը, իսկ «Տորոնտոն» 14 միավորով 8-րդն է: