Իրակլի Ղարիբաշվիլին հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
ՄիջազգայինՊաշտոնական այցով Հայաստան ժամանած Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի ուղեկցությամբ այցելեց Ծիծեռնակաբերդ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Իրակլի Ղարիբաշվիլին և Հովիկ Աբրահամյանը ծաղկեպսակներ զետեղեցին Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշահամալիրին և ծաղիկներ՝ անմար կրակի մոտ՝ հարգանքի տուրք մատուցելով Մեծ Եղեռնի զոհերի հիշատակին:
Հայոց ցեղասպանության ինստիտուտ-թանգարանի տնօրեն Հայկ Դեմոյանը հակիրճ Վրաստանի վարչապետին ներկայացրեց Հայոց ցեղասպանության պատմությունը, այնուհետև Իրակլի Ղարիբաշվիլին եղևնի տնկեց Ծիծեռնակաբերդի հիշատակի պուրակում:
Հայոց ցեղասպանությունը ճանաչել են աշխարհի ավելի քան երկու տասնյակ երկրներ: Հայոց ցեղասպանությունը ճանաչել են նաեւ Եվրոպական խորհրդարանը եւ Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը: Այն պաշտոնապես ճանաչել եւ դատապարտել, ինչպես նաեւ ապրիլի 24-ը հայ ժողովրդի Ցեղասպանության զոհերի հիշատակի օր են հայտարարել ԱՄՆ 50 նահանգներից 42-ը: Եվրոպական որոշ երկրների խորհրդարանները Հայոց ցեղասպանության ժխտման համար քրեական պատասխանատվություն նախատեսող օրենքներ են ընդունել: