«Եթե պատերազմող տղա էիր, գոնե մի քանի օր Ջերմուկում կամ Արցախում պատերազմեիր». Սամվել Կարապետյանի կոշտ արձագանքը Փաշինյանին
Քաղաքական«Ուժեղ Հայաստան» դաշինքի առաջնորդ Սամվել Կարապետյանը Տավուշի մարզի բնակիչների հետ հանդիպման ընթացքում կոշտ գնահատականներ է հնչեցրել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հասցեին՝ անդրադառնալով նախընտրական պայքարի մթնոլորտին և երկրում ստեղծված քաղաքական իրավիճակին։
Կարապետյանի խոսքով՝ ներկայիս իշխանությունը քաղաքական մրցակցությունը վերածել է հակամարտության և հասարակության ներսում բաժանարար գծեր է ստեղծում։
«Միասին պայքարում ենք, միասին պատերազմում ենք, որովհետև այս ընտրական պայքարը այս մարդը վերածել է պատերազմի»,– հայտարարել է նա՝ խոսելով Նիկոլ Փաշինյանի մասին։
Շարունակելով իր խոսքը՝ «Ուժեղ Հայաստան» դաշինքի առաջնորդը քննադատել է վարչապետի վարած քաղաքականությունը և այն համեմատել երկրի ներսում իրականացվող պայքարի հետ։
«Պատերազմող տղա էիր, գոնե մի 5 օր Ջերմուկում պատերազմեիր, Արցախում պատերազմեիր. հիմա ինքը պատերազմում է մեր ժողովրդի դեմ»,- ասել է Սամվել Կարապետյանը։
Նրա գնահատմամբ՝ Հայաստանի առջև կանգնած հիմնական խնդիրները լուծելու փոխարեն իշխանությունները կենտրոնացել են քաղաքական հակառակորդների դեմ պայքարի վրա, ինչը խորացնում է հասարակական լարվածությունը և շեղում ուշադրությունը երկրի անվտանգության, տնտեսության և սոցիալական խնդիրներից։
Տավուշի բնակիչների հետ հանդիպման ընթացքում Կարապետյանը ևս մեկ անգամ ընդգծել է, որ առաջիկա ընտրությունները վճռորոշ նշանակություն ունեն երկրի ապագայի համար, և կոչ է արել քաղաքացիներին ակտիվ մասնակցություն ունենալ քաղաքական գործընթացներին՝ իրենց ձայնով ազդելով Հայաստանի հետագա զարգացման ուղղության վրա։